Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանին սպանության օժանդակության մեջ մեղարող Նարեկ Օհանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Ինձ մեղադրում են այն բանի համար… իմ առօրյայի համար։ Ասել են՝ ինչ ես արել, ասել եմ՝ այս գործողություններն եմ արել։ Իմ առօրյայի մեջ եղած գործողոթյունները վերագրել են ինձ, որ ես ինչ-որ օժանդակություն եմ արել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարեց Նարեկ Օհանյանը։
Սպանությունների մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը նույնպես հայտարարեց, որ կատարած սպանությունների հետ կապ չունի, մեղադրանքը չի ընդունում, մանրամասները կբարձրաձայնի մյուս դատական նիստերին։
«Այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Այս ամեն ինչը տարել եմ վախից ելնելով, չեմ ուզում մեղքի տակ, անեծքի տակ մտնեմ, հետո էլ՝ ինչ պետք է լինի, թող լինի։ Բայց այս մեղադրանքը չեմ ընդունում, մանրամասները կբարձրաձայնեմ մյուս դատական նիստերին, կասեմ՝ թե ինչու։ Այս պահին այսքանը»,- ասաց Հ. Հարությունյանը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Մեղադրանքի համաձայն. Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սոսի Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:
Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Արտյոմի Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Լևոնի Գրիգորյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Անուշավանի Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:










