Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը պատմական ակնարկ է արել, հետո՝ անդրադարձել վերջին ժամանակների աշխատանքներին։
«Դեռևս 1970-ականներին երևանցիներին անհավանական էր թվում, որ Երևանի նման քաղաքը կարող է ունենալ մետրո։ Սակայն Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ այդ գաղափարը դարձավ իրականություն։
Այսօր էլ շատ զբոսաշրջիկներ զարմանում են, երբ տեսնում են, որ համեմատաբար փոքր քաղաքը ունի այսպիսի մասշտաբի ստորգետնյա տրանսպորտային համակարգ։
Մետրոն Երևանի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է։ Մեր պատասխանատվությունն է պահպանել այն, ինչ ստեղծվել է մեծ աշխատանքով, և միաժամանակ քայլ առ քայլ արդիականացնել համակարգը։
Այսօր արդեն հիմնադրման օրվանից հետո առաջին անգամ փոխարինում ենք ժամկետանց ռելսերը և անվտանգության մեխանիզմները: 4 կայարաններում՝ գործարկումից ի վեր առաջին անգամ, փոխարինվել են շարժասանդուղքները։ Բոլոր կայարաններում փոխվել են մուտքի և ելքի դռները, որոնք հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Առաջին անգամ փոխարինվում են նաև օդափոխության հին համակարգերը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել մետրոյի ստեղծման ակունքներում, ինչպես նաև նրանց, ովքեր ապահովել և ապահովում են դրա անխափան աշխատանքը, որպեսզի հազարավոր երևանցիներ ամեն օր հասնեն իրենց նպատակակետին արագ և անվտանգ», - գրել է Ավինյանը։










