Հայաստանում տիրող վախի մթնոլորտը, երբ մարդկանց ֆեյսբուքյան լայքի, կամ այլ հայացքների համար աշխատանքից ազատում են․․․ այս դեպքում ինչ օբյեկտիվության մասին կարող ենք խոսել, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներին:
Ըստ նրա՝ հասարակության մեծ մասը խուսափում է ընտրությունների վերաբերյալ հարցերի պատասխանել:
«Մենք էլ ունենք մեր հարցումները և դրանք բավականին հուսադրող են և տարբերվում են այս հարցումների արդյունքներից: Մեր հարցումների արդյունքում ՔՊ-ն որևէ շանս չունի իշխանության գալու, այսինքն՝ իրենց հակավարկանիշն ամենաբարձրն է: Կան ձևավորված մի քանի բևեռներ, որոնք շատ ավելի հնարավորություններ ունեն, որոնք ներկայացված են այդ հարցումների արդյունքներում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ իրենց անցկացրած հարցումները և մարդկանց հետ հանդիպումները թույլ են տալիս արձանագրելու, որ հավաքական ընդդիմությունն ավելի շատ քվեներ ունի, քան Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրեց, որ իրենց քաղաքական ուժի վարկանիշը բավականին բարձր է:
Հիշեցնենք, որ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումները։ Ըստ IRI ընկերության կողմից անցկացված հարցման՝ «ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
ՔՊ – 24 տոկոս,
«Ուժեղ Հայաստան» - 9 տոկոս,
«Հայաստան» դաշինք և ՀՅԴ – 3 տոկոս,
ԲՀԿ – 3 տոկոս:










