Առաջին տիկինը հավատում էր հրաշքներին և ստեղծում դրանք. այսօր Ռիտա Սարգսյանը կդառնար 64 տարեկան


Առաջին տիկինը հավատում էր հրաշքներին և ստեղծում դրանք. այսօր Ռիտա Սարգսյանը կդառնար 64 տարեկան
Մարտ 6 15:39 2026

Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսահոգի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։

 

Այսօր նա կդառնար 64 տարեկան։

 

Ռիտա Սարգսյանի կերպարը հայ հասարակության հիշողության մեջ մնացել է որպես լույսի, անսահման էներգիայի և մարդասիրության խորհրդանիշ։ Նա իր գործունեության ողջ ընթացքում Առաջին տիկնոջ կարգավիճակը ծառայեցրեց ոչ թե իր նեղ անձնական շահերին, գործարարներից ու օլիգարխներից իր ղեկավարած հիմնադրամներին նվիրատվություններ կորզելուն, այլ հարյուրավոր մարդկային կյանքեր, մասնավորապես՝ երեխաներ փրկելուն։

 

Ռիտա Սարգսյանը (օրիորդական ազգանունը՝ Դադայան) ծնվել է 1962 թվականին՝ Ստեփանակերտում՝ զինծառայողի ընտանիքում։ Նրա կյանքի վաղ շրջանը սերտորեն կապված էր հարազատ Արցախի հետ, որտեղ նա ստացավ իր կրթությունը։ Ինչպես իր վերջին մեծ հարցազրույցում նշեց Սերժ Սարգսյանը, այն բանից հետո, երբ ինքն աշխատանքի էր անցել Հայաստանում, Ռիտա Սարգսյանը տևական ժամանակ հրաժարվում էր Արցախից տեղափոխվել և իրենից մեծ ջանքեր են պահանջվել, որպեսզի կարողանա համոզել կնոջը։

 

Ավարտելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը՝ նա իր մասնագիտական ուղին սկսեց որպես երաժշտության ուսուցչուհի։ Հենց այդ տարիներին դրվեցին նրա անձի կարևորագույն գծերը՝ սերը երեխաների հանդեպ և նրբանկատությունը արվեստի նկատմամբ։ Սերժ և Ռիտա Սարգսյանների ամուր ընտանիքը դարձավ այն հենարանը, որի վրա կառուցվեց նրա հասարակական գործունեությունը։ Լինելով երկու դուստրերի մայր և հինգ թոռնիկների տատիկ՝ նա յուրաքանչյուր օգնության կարոտ երեխայի մեջ տեսնում էր իր հարազատին։

 

Ռիտա Սարգսյանի գործունեության ամենաառանցքային ուղղությունը առողջապահությունն էր։ Նրա ջանքերը միտված էին այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք Հայաստանում ժամանակին անլուծելի էին թվում։ 2010 թվականից ստանձնելով «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնը՝ նա պայքար սկսեց մանկական քաղցկեղի դեմ։ Նրա անմիջական ջանքերով հիմնանորոգվեց և վերազինվեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։

 

Այսօր այնտեղ գործող ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը հարյուրավոր երեխաների հնարավորություն է տալիս բուժվել հայրենիքում՝ առանց արտերկիր մեկնելու և հսկայական ծախսերի։ 2011 թվականին Ռիտա Սարգսյանի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» հիմնադրամը, որը դարձավ ժողովրդագրական լուրջ խնդիր լուծող նախաձեռնություն։ Շնորհիվ «Արագիլի»՝ ավելի քան 500 երեխա է ծնվել այն ընտանիքներում, որոնք ունեին վերարտադրողական խնդիրներ։ Հիմնադրամն առաջնահերթություն էր տալիս հատկապես հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինծառայողների ընտանիքներին և սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։

 

Բացի այդ, Ռիտա Սարգսյանը երաժշտության նվիրյալ էր։ Նրա շնորհիվ Հայաստանը դարձավ միջազգային մակարդակի մրցույթների և փառատոնների կենտրոն։ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը, «Վերադարձ», «Վերածնունդ» և «Նոր անուններ» փառատոնները նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային կյանքին։ Նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում տաղանդավոր պատանիներին՝ հավատալով, որ մշակույթը մեր երկրի այցեքարտն է։ Ռիտա Սարգսյանի մասին խոսելիս բժիշկները, արվեստագետներն ու ծնողները նշում են մի կարևոր փաստ՝ նա երբեք չէր սահմանափակվում միայն ֆինանսական աջակցությամբ։ Նա ներկա էր, նրան կարելի էր տեսնել հիվանդ երեխայի մահճակալի մոտ, մանկատան տոնական միջոցառմանը կամ համերգասրահի հետնաբեմում՝ երիտասարդ երաժիշտներին ոգևորելիս։

 

Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ 2020 թվականին՝ 58 տարեկան հասակում՝ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի օր անց․ նոյեմբերի 16-ին նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել էր COVID-19, և հիվանդությունը ծանր ընթացք էր ունեցել։

 

Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանը մահացել է։

 

Այսօր, երբ Ռիտա Սարգսյանն այլևս մեզ հետ չէ, նրա թողած գործը շարունակում է ապրել։ Յուրաքանչյուր առողջացած երեխա, յուրաքանչյուր նորածին և յուրաքանչյուր տաղանդ Ռիտա Սարգսյանի թողած լույսի արտացոլանքն է։ Շատերը տիկին Ռիտային հիշում են որպես Առաջին տիկնոջ, ով ոչ միայն հավատում էր հրաշքներին, այլև անձամբ ստեղծում դրանք։

 

Լույս և խաղաղություն նրա հիշատակին։