ՀՀ-ում գյուղատնտեսությունը մթերումից բացի 3 խնդիր ունի՝ ջուր, վարկ և գյուղտեխնիկա. Կարապետյանը՝ լուծումների մասին


ՀՀ-ում գյուղատնտեսությունը մթերումից բացի 3 խնդիր ունի՝ ջուր, վարկ և գյուղտեխնիկա. Կարապետյանը՝ լուծումների մասին
Մարտ 6 15:34 2026

ՀՀ-ում գյուղատնտեսությունը երեք խնդիր ունի՝ չհաշված ամենամեծ խնդիրը՝ մթերումը. ջերմոցում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Գյուղատնտեսությունում առաջին խնդիրը ջուրն է. ՀՀ-ում շատ ցանքատարածքներ, այգիներ ունեն ոռոգման ջրի խնդիր, չնայած ՀՀ-ն ջրառատ երկիր է, մենք տարին 5 մլրդ կուբամետր ջուր ունենք, որը մեծ կորուստով ենք օգտագործում»,- ասաց նա։

Երկրորդը, ըստ նրա՝ վարկերի խնդիրն է. «Մարդիկ սեզոնի սկզբին վարկեր են վերցնում և չգիտեն տարվա մեջ ինչ գնով են վաճառելու բերքը։ Բոլորն  ասում են՝ վարկերը երկու տարի լավ են գնում, հետո արդեն ամբողջ կյանքը վարկերի տակ են մնում մարդիկ»,- ասաց նա։

Երրորդն, ըստ նրա՝ գյուղտեխնիկայի խնդիրն է։ «ՀՀ-ն փոքր երկիր է, մեկ տեխնիկայի պարկը կարող է սպասարկել մի ամբողջ շրջան»,- նշեց նա։

Կարապետյանը նշեց, որ այս խնդիրների լուծումը փոխկապակցված է մթերման կայանների հետ. «Մթերման կայանը տարվա սկզբին կտա պարարտանյութեր, և նոր վարկեր ներգրավելու կարիք չի լինի։ Իսկ տարվա սկզբին իմանալով, թե տարվա վերջին ինչ գնով են իրենց ապրանքը վաճառելու, գյուղատնտեսական վարկերը կանխատեսելիություն կունենան»։

Ըստ Կարապետյանի՝ մթերման կայանների իրականացումից հետո երկրորդ քայլը կլինի գյուղտեխնիկայի պարկերի ստեղծումը բոլոր շրջաններում, որը կօգնի արտադրողականությունը ավելացնել։ Նաև ջրի հարցը լուծելով՝ արդեն բերքատվության հարցը կավելանա։