Հայաստանի Հանրապետության գոյության և ապագայի համար ամենամեծ ռիսկը այս իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն է, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա շեշտել է, որ գործող իշխանությունն իր քայլերով ամեն օր է մեր պետականությունը վտանգի տակ դնում։ Ըստ Մամիջանյանի՝ այս իշխանությանը հեռացնելու համար իմպիչմենտը, զուգակցված փողոցային պայքարին, իրատեսական քայլ է։ Այն նաև զսպող գործոն կարող է հանդիսանալ՝ նախընտրական և ընտրական շրջանում։
«Փաշինյանը ո՞ր պարագայում ավելի լկտի, ավելի խայտառակ կեղծքիներ ու ճնշումներ կիրականացնի՝ հանգիստ ու հանդարտ պայմաններու՞մ, երբ ընթանում է սովորական քարոզարշավ, թե՞ այն պարագայում, երբ տեսնի, որ ՀՀ քաղաքացիները պատրաստ են այդ թվում՝ փողոցում խաղաղ անհնազանդության միջոցով տեր կանգնել իրենց իրավունքներին։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- ասաց Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց նաև՝ իմպիչմետը, Նիկոլ Փաշինյանից բացի, որևէ այլ անձի դեմ ուղղված չէ, բացի այդ, ոչ մի իրավական ու քաղաքական հակասություն չի ստեղծում. «Իմպիչմենտի և ընտրությունների գործընթացներն իրար հետ ո՛չ իրավական հակասություններ ունեն, ոչ էլ քաղաքական տեսանկյունից հակասություններ կան, այս գործընթացը ուղղված չէ որևէ անձի դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ որևէ սահմանադրական պրոցեսի դեմ է ուղղված, որովհետև իմպիչմենտը և հերթական ընտրությունը չեն կարող իրար հակասել»։










