Հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին․ ՀՀԿ


Հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին․ ՀՀԿ
Մարտ 4 21:13 2026

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը և այդ իրավիճակում ՀՀ գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության և սահմանադրական կարգի համար։

Մենք հստակ հայտարարում ենք․ եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար և ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական և հակապետական վարքագիծ դրսևորած ռեժիմին։

Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության և քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է՝ հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։

Ելնելով դրանից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։

Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը՝ մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։

Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ և կասեցնել ներկայիս ոչ ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։

Հայաստանի ապագան չի կարող կախված մնալ այն ռեժիմից, որը ոտնահարում է սեփական պատմությունն ու հավատը, լքում է օտար գերության մեջ հայտնված իր զավակներին, հարվածում է երկրի անվտանգությանը և վախենում է սեփական ժողովրդի կամարտահայտությունից»։

Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է։