Ինչի՞ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գա՞նք այստեղ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության վտանգե՞նք. նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը նա անհոգ պեռաշկի էր ուտում ավտոբուսում, այն դեպքում, երբ իր Արտաքին հետախուզական ծառայության 2026թ.-ի զեկույցում նշվել էր հնարավոր պատերազմն ինչ վտանգներ կունենա Հայաստանի համար։
«Ինչո՞ւ եք նիստ անում, չեղարկեք նիստը, էս էրեխեքին ինչի եք բերել այստեղ նստացրել։ Որ ինձ ասում եք պեռաշկի եք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչու գլխներիդ մոխիր լցված չէ, կամ ինչի քուրձ չեք հագել, կամ ինչի չեք ինքնահրկիզվում՝ չեմ հասկանում»,- ասաց նա և նշեց, որ որևէ պատճառ չի տեսնում, որ կառավարության մեծամասնությունը պետք է սեփական ժողովրդի հետ շփվելուց հրաժարվի։
Խամոյանն արձագանքեց, որ բոլորն էլ «պեռաշկի» են ուտում, սակայն դրանով նա ի՞նչ ազդակ էր ուզում տալ ՀՀ քաղաքացիներին։
«Ձեզ համար վատ լուր ունեմ, որ երբ ուտում էինք և համացանցով տարածվեց տեսանյութը, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ մեր պեռաշկի ուտելու ռիլից հետո որոշեցին գնալ և հրապարակային ռեստորաններում ճաշել՝ ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիներն անհանգստանալու բան չունեն, և իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է զեկույցներին, ասաց, որ իրենց դրանք ամենօրյա ռեժիմով ստանում են, և Հայաստանում ինստիտուտներն աշխատում են, անկախ նրանից, թե վարչապետն ինչ է անում։










