«Ադրբեջանցիները Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ կառուցել են հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար»,- անվտանգային հարցերին նվիրված ասուլիսում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ մինչև հուլիսի 31-ը դրանք գոյություն չեն ունեցել. «Կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ։ Ճանապարհների անմիջական հարևանությամբ թաքստոցներ են կառուցել, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար։ Այս նախապատրաստությունները, որոնք արել են, ակնհայտորեն կարող են օգտագործել նաև հարձակողական նպատակներով։ Սրանք ուղիղ վերահսկողոթյան տակ են պահում մեր գյուղերը»։
Ա.Թաթոյանը ասաց, որ այս առաջխաղացումները, ամրաշինական, ինժեներական աշխատանքերը ոչ միայն Գեղարքունիքի մարզում են, մասնավորապես Վարդենիսում, նաև Վայոց Ձորում, մասնավորապես Ջերմուկի տարածքում։
«Մինչև օգոստոսի 4-ը նոր բարելավումներ են ունեցել, վերահսկողության ընդլայնում ու ներխուժում Հայաստանի տարածքի մեջ։ Ըստ արբանյակային լուսանկարների, կառուցել են ականանետային դասակների, հատուկ մարտական հերթապահության համար նախատեսված դիրքեր»,- ասաց Ա.Թաթոյանը։










