Փոքր բիզնեսն օգտվելու է հարկային արտոնություններից, իսկ երբ հայտ ներկայացնի՝ անցնելու միջին բիզնեսի դաշտ, ունենալու է այլ արտոնություններ, նաև հնարավորություն՝ վարկային պայմանագրերի։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով իրենց տնտեսական ծրագրի դրույթներից մեկի՝ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին։
«Մենք պետք է շահավետ առաջարկ անենք՝ դուք հնարավորություն կունենաք ստանալ բիզնես վարկեր և ընդլայնել ձեր բիզնեսը։ Շատերը կգնան այդ ճանապարհով»,-նշել է նա։
Կարապետյանը խոսել է նաև գյուղացիների խնդրի մասին՝ նշելով, որ ամեն տարի գյուղացին մի քանի պրոբլեմի է առերեսվում։
«Նա պետք է առանց երաշխավորության, ապահովագրության աճեցնի իր բերքը, գումար հայթայթի, հետո հնարավորություն փորձի գտնել, արագ վաճառել շուտ փչացող բերքը․ մի քանի մեծ ռիսկեր կա գյուղացու համար։ Որպեսզի լուծենք այս հարցը, գյուղացու համար գոնե մի խնդիր պետք է լուծել։ Գյուղացին պետք է լինի արտադրանք աճեցնողը և ոչ վաճառքի մասին մտածողը»,-նշել է նա։
Նարեկ Կարապետյանը հավելել է, որ եթե մարդիկ ցանկանում են ունենալ այն փոփոխությունները, ինչ իրենք ենք առաջարկում, պետք է վստահեն իրենց ներկայացրած տնտեսական ծրագրին․ «Վստահ ենք՝ կկարողանանք հասնել հասարակության նշանակալի մասի աջակցությանը, կկարողանանք հետ բերել Հայաստան հույսը լավ կյանքի»։










