Իրանի դեմ հարձակման նախանշանները նկատելի էին տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերի տեղաշարժերից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ԻԻՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած վտանգ ստանալու է համարժեք և ուժեղ հակահարված։ ԱՄՆ-ն, գտնվելով հազարավոր մղոններ հեռավորության վրա, որոշել է հարձակվել Իրանի դեմ՝ օգտագործելով հարևան երկրներում ունեցած իր հնարավորությունները։
Այս ագրեսիայի պայմաններում Իրանը լեգիտիմ իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան քայլեր։ Չգիտենք, թե որքան կտևի այս ագրեսիան, սակայն Իրանի ժողովուրդը պատրաստ է իրացնել իր օրինական պաշտպանության իրավունքը, որը սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»,-ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ սոցցանցերում այն պատկերացումը, թե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում Իրանի ժողովուրդը կընդվզի կառավարության դեմ, իրականությանը չի համապատասխանում։
«Թրամփը քնից արթնացավ և հասկացավ, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան միֆ»,-ասաց նա։










