«Նախորդ դատական նիստից հետո խափանման միջոցի փոփոխության հետ կապված որևէ ակնկալիք չունեի»,-այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Նարեկ սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը՝ անդրադառնալով իր ամուսնու նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությանն ու տնային կալանք ընտրելուն։
Նրա խոսքով, վերաքննիչ դատարանի այդ որոշումից հետո հույս ուներ, որ գոնե տնային կալանք կկիրառվի նաև պոդքասթի մյուս համահեղինակ, կալանքի ներքո գտնվող Վազգեն սաղաթելյանի նկատմամբ։ Սակայն Վերաքննիչ դատարանը չէր բավարարել Սաղաթելյանի պաշտպանի բողոքն ու անփոփոխ էր թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
«Այս դատական համակարգից որևէ ակնկալիք ունենալ ճիշտ չեմ համարում, փորձը ցույց է տվել, որ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացների հետ, այլ կամայական որոշումների, ինչպես օրվա իշխանությունները ճիշտ կգտնեն, կամ հարմար կլինի իրենց»,-ասաց նա։
Առաքելյանի խոսքով, եթե իրականում լիներ իրավական գործընթաց, ապա գործը դատարան ոչ կհասներ, ոչ էլ նիստում լարված քննարկումներ ու խոսակցություններ կլինեին։
Նա նկատել է, որ այսօրվա դատական նիստում վկայի վրա անուղղակի ճնշում կա։
«Վկան մի քանի անգամ ասում է, որ դատարանում քննության առարկա դարձած տեսանյութերն ինքն անձամբ չի դիտել, բայց անընդհատ իրեն ուզում են համոզել, որ ասի, տեսանյութում ասվածը համարում եմ ոչ նորմալ, չեմ ուզի, որ իմ ընտանիքի անդամները տեսնեն այն։ Ես անընդհատ նման ճնշում եմ նկատում վկայի նկատմամբ, ինչը իրոք զավեշտալի է։ Համացանցը ողողված է չվերահսկվող տեսանյութերով՝ ֆիլմեր, երգեր, տարատեսական հաղորդումներ, ստենդափներ, որտեղ հայհոյանք կա։ Յութուբն այնպիսի տիրույթ է, որտեղ դու ընտրության հնարավորություն ունես, կարող ես պարզապես տեսանյութը չդիտել։ Բայց դիտես ու դա դառնա քրեական հետապնդման հի՞մք, աբսուրդ է այս ամենը»,-ասաց Լ. Առաքելյանը










