Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է


Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է
Փետրվար 27 16:34 2026

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։  Այս մասին փոխանցում է Փաստինֆոն:Քրեական գործը վերաբերում է գույքի օտարմանը և հայտարարագրերում երկու անշարժ գույքի առկայությունը թաքցնելուն։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Ռուզաննա   Խաչատրյանը  2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

Քրեական գործով Խաչատրյանից բացի մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ազգականները՝ Աննա Բադալյանը և Կարինե Մարգարյանը։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։