ՀՀ-ն փոքր, համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները. Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Նա պատասխանել է հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ-ն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, եթե ԱՄՆ-ն և Իրանը իրար հետ փոխզիջում չգտնեն, ինչպե՞ս դա կազդի ՀՀ-ում ընթացող ներկա գործընթացների և կայունության վրա։
«Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որ հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնել այս իրավիճակից։ Այս փոփոխական, անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, բայց ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է, և հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք մեր ընդլայնված տարածաշրջանում»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն չի կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա. «Ուստի մեզ մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի, և եթե լինեին հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, ապա մենք կուզեինք։ Մենք կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտական ձայներին»,- ասաց նա։










