Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. Ազատություն


Հայկական երկաթուղու կոնցեսիայի դադարեցումը կարժենա շուրջ 104 մլրդ դրամ. Ազատություն
Փետրվար 25 13:21 2026

Հայաստանի Քննչական կոմիտեն 2021-ի մարտի 25-ին կարճել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված՝ ներդրումների արդյունավետության ու հափշտակումների քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին գրում է Ազատությունը:Այս ընկերության կառավարմանն են 30 տարով հանձնված Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները։ Քրեական գործից բացի, «Հարավկովկասյան երկաթուղու» 2008-2018 թթ. ներդրումների ծավալն էր ստուգել Ֆինանսների նախարարությունն ու ակտ կազմել, այժմ նախարարությունը հրաժարվում է տրամադրել ստուգման արդյունքները։ Սրան զուգահեռ՝ Կառավարության փաստաթղթերից մեկում նշվում է, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։

2018-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին»։ 2020-ի ապրիլին այս թեմային անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ դատական գործընթացները, որ սկսվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն, «առանց մեջտեղ բերելու ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»։ Այս հայտարարությունից մեկ տարի անց Քննչական կոմիտեն կարճել է քրեական գործը, որի շրջանակում Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր սկսել՝ ուսումնասիրելու 2008-2018-ի ընթացքում ներդրումների ծավալը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը։

 

Ստուգման արդյունքում ի՞նչ խախտումներ են գրանցվել. «Ազատության»- հարցմանը Ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ նախարարի 5 հանձնարարագրերի հիման վրա 2019-ի մարտին կազմվել է ակտ։ Ստուգումներն իրականացրած ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության (նախկինում՝ տեսչության) գործունեությունը 2025-ին դադարեցվել է, իսկ ստուգման նյութերը հանձնվել են Ֆինանսների նախարարության արխիվ, պարզաբանել են Ֆինանսների նախարարությունից ու հրաժարվել արխիվից տրամադրել ստուգման ակտը՝ համարելով, որ դրանք կարող են պարունակել գաղտնի տեղեկատվություն՝ նախաքննական, բանկային, առևտրային բնույթի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: