Տղե՛րք, դուք օրթա՞ղ եք, փա՞յ եք... Եթե փայ եք՝ այդ գումարից, ինչքա՞ն են ձեզ լևի փող տալիս. Տաքսու վարորդների բողոքին միացած Մեսրոպ Մանուկյան


Տղե՛րք, դուք օրթա՞ղ եք, փա՞յ եք... Եթե փայ եք՝ այդ գումարից, ինչքա՞ն են ձեզ լևի փող տալիս. Տաքսու վարորդների բողոքին միացած Մեսրոպ Մանուկյան
Փետրվար 24 15:36 2026

«Աբսուրդի ժանրից է, երբ 120 հազար վարորդի իրավունք խախտվում է ու կառավարությունում ոչ մեկը տեղյակ չէ»,- ասաց Կառավարության դիմաց առցանց տաքսի վարորդների բողոքի ակցիային միացած Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Վարոդներից Արթուր Դավթյանը հայտնեց, որ բոլոր առցանց տաքսի ծառայողներն են բողոքում՝ պահանջելով, որ ընկերություններին վճարվող միջնորդավճարները 10 %-ից չբարձրանան։ Նրանք դժգոհ են, որ 5 %-էլ պետությունն է հարկում տաքսու վարորդներին։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ երկու օրում 700 ստորագրություն են հավաքել և դիմել են կառավարությանը, բայց իրենց ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյան՝ բայց ոչ արդյունավետ։

«Տղերք, դուք օրթա՞ղ եք, փա՞յ եք... Եթե փայ եք՝ այդ գումարից, ինչքան են ձեզ լևի փող տալիս։ Եթե չեն տալիս՝ ինչու չեք հետևում այս տղերքի խնդիրներին»,- հռետորական հարցադրում արեց Մեսրոպ Մանուկյանը։

Վարորդներից մեկը հայտարարեցին, որ չեն ուզում իրենց խաբված զգալ. «Բայց ես ինչու պետք է ինձ խաբված զգամ, ուրիշը հարստանա՞։ Իմ հայն էլ չի հարստանում, ուրիշն է հարստանում իմ հաշվին»։

Նա հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է Երևանի երթևեկությունը պարալիզացնելը, եթե իրենց պահանջները չբավարարվեն։

Ակցիայի մասնակից վարորդ Արթուր Դավթյանը հայտարարեց, թե ուզում են պարզել «Յանդեքսն» է կառավարության ղեկավարը, թե կառավարությունն է նրան ղեկավարում։

Վարորդները նաև ցանկանում են, որ իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։