«Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանի քաղաքացիության ստանալու հարցում բազմապիսի, բազմատեսակ խոչընդոտների են հանդիպում։ Խոչընդոտը մեղմ է ասված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք Հայաստանի տարբեր շրջաններում հանդիպում են արցախցիների հետ, որոնք էլ պատմում են, թե ինչ խոչընդոտների են հանդիպում, որոնք, իրոնք անհանգստացնող են։
«Միանգամից հասկանալի է, որ միտումնավոր են ստեղծվում այդ խոչընդոտները»,- ընդգծեց Մ.Հակոբյանը։
Որպես օրինակ նշեց. «Մարդիկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին դիմել են քաղաքացիություն ստանալու համար։ Անցել են բոլոր խոչտնդոտների միջով, կարողացել են փաստաթղթերը վերականգնել՝ ֆանտաստիկ ծախսեր անելով։ Մի մասի մոտ առաջին հաղորդագրությունը նոր է եկել, մյուս մասի մոտ քար լռություն է։
Հունվարի 1-ից հաջորդ խոչընդոտը ստեղծեցին՝ հայտարարելով, որ միայն օն-լայն գրանցումներն են լինելու։ Ավելացրեցին խնդիրները։ Պատկերացրեք, հեռավոր գյուղերում, շրջաններում ապրող տարիքով մարդիկ, նույնիսկ երիտասարդները, որոնք պետք է օն-լայն գրանցվեն, նախ՝ չգիտեն գրանցման ձևը, չունեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ։ Նույնիսկ կան ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնցով հնարավոր չէ գրանցվել։
Հայտվում են մարդիկ, որոնք առաջարկում են նման ծառայություն մատուցել, բայց գումարի դիմաց։ Մեր ճշտումների արդյունքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պահանջել են 10 հազար դրամ։ Կան ընտանիքներ, որոնք ճարահատյալ այդ քայլին էլ են գնացել»։
«Այս իշխանություններն անընդհատ նոր բաներ են հորինում, ավելի են բարդացնում, դժվարացնում գործընթացը, հիմա արդեն հիմնականում իրենց հորինած քաղաքացիության ձևը ստանալը դարձրեր են անհնարին»,- ասաց Մ. Հակոբյանը։
Պատասխանելով հարցին՝ ասացիք, որ միտում եք տեսնում, ինչո՞վ է դա պայմանավորված, Մ.Հակոբյանը պատասխանեց. «Ենթատեքստը, միանաշանակ քաղաքական է։
Իշխանությունները վստահ են, որ արցախցիներն ընտրություններին մասնակցելու պարագայում միանշանակ ՔՊ-ին են մերժելու, բնականաբար, ստեղծում են խոչընդոտներ, որպեսզի արցախցիները նման հնարավորություն չունենան։
Նաև սոցիալական խնդիր կա»։
Մ.Հակոբյանն ասաց, որ անձամբ չի դիմել պատկան մարմիններին՝ պարզելու, թե ինչո՞ւ են խոչընդոտներ ստեղծվում, քանի որ, ինչպես նշեց, իր բոլոր հարցերն այս իշխանության կողմից մնում են անպատասխան, իսկ դիմողներին էլ այնպես են ներկայացնում, որ ամեն կերպ թեթևացված է գործընթացը, բոլոր պայմանները ստեղծված են, բացառիկ դեպքերում են առաջանում խնդիրներ։
Panorama.am-ը ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին փոխանցեց բռնի տեղահանված արցախցիների դժգոհություններն ու բողոքները ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված։ Նա պատասխանեց, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվել և իրականացվում են քայլեր, որոնք հեշտացնում են ՀՀ քաղաքացիության շնորհման համար դիմելու գործընթացները։
Ն.Սարգսյանը ներկայացրեց իրականացրած քայլերը. «2026 թվականի հունվարի 1-ից ամբողջ ծավալով գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ Գործարկումից ի վեր ՆԳՆ ՄՔԾ հաղորդակցության տարբեր խողովակներով ստացվում են բազմաթիվ հարցեր և զանգեր։
ՄՔԾ պաշտոնական կայքէջում, Ֆեյսբուքյան պաշտոնական էջում և տելեգրամյան ալիքում պարբերաբար հրապարակվում են հաճախ տրվող հարցերի ձևաչափով պարզաբանումներ՝ տեխնիկական կամ ընթացակարգային խնդիրների լուծումները հասանելի դարձնելու համար։ Այն անձանց դեպքում, ովքեր ունեն բարդ խնդիրներ օնլայն գրանցման կամ փաստաթղթերի ներբեռնման հետ կապված, իրականացվում է անհատական կապ՝ հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև տեղում խորհրդատվություն։
Տեղահանված անձանց դիմումների վերաբերյալ հիմնականում արձանագրվում են փաստաթղթերի հետ կապված խնդիրներ՝ անձը հաստատող կամ քաղաքացիության հիմք հանդիսացող փաստաթղթերի բացակայություն կամ վնասված լինելը, որոնք ենթակա են վերականգնման։
Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիների սպասարկման և հանրային ծառայություն մատուցող տարբեր գրասենյակներում աշխատակազմերը միաժամանակ վերապատրասվում են, որպեսզի տեղահանված անձանց ցուցաբերեն պատշաճ խորհրդատվություն»։
Ն. Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Ղարաբաղից տեղահանված 25 901 անձ դիմել է ՀՀ քաղաքացիության ստացման համար։ ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 19 319 անձի։ 2026 թվականի հունվարի 2-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ ՆԳՆ ՄՔԾ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման mcs-citizenship.am հարթակում ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ է ներկայացրել Ղարաբաղից տեղահանված 4 392 անձ։










