Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկորվորյակ եղբայրներ» են. Արմեն Հովասափյան


Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկորվորյակ եղբայրներ» են. Արմեն Հովասափյան
Փետրվար 24 14:18 2026

Արմեն Հովասափյանը գրում է. «Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկորվորյակ եղբայրներ» են։ Իր կառավարման տարիների ընթացքում, սկսած 2018-ի վակխանալիայի օրերից, հնչեցրած սուտ ու պոպուլիստական խոստումների 90 և ավել տոկոսը չի իրականցրել, իսկ այն ինչ փոքր ի շատե արել է՝ բացառապես սեփական քաղաքական քիմքին ու ճաշակին հարմարեցրած է եղել։

Փաստը, որ նախընտրական սեզոնին ընդառաջ խոստումների պորցիաները շատ ավելի գեղեցիկ փաթեթավորումներ են ստանալու, գրեթե կասկած չունեմ․ Փաշինյանն ամեն ինչի գնալու է երրորդ անգամ ընտրվելու և Հայաստանի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով։ Ասվածի մեջ ուրույն և առանցքային դերակատարում ունի ԵՄ-ն, որը պարբերաբար հիշեցնում է իր կողմից Հայաստանում սպասվող ներդրումների մասին, որոնք այդպես էլ չկան ու չկան։

Այս առումով մի փոքրիկ խրոնոլոգիա ներկայացնեմ, որը շատերիդ թերևս կհետաքրքրի։ Եվ այսպես․

2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելեց Հայաստան և խոստացավ 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն Արևելյան գործընկերության շրջանակներում:

Այս հայտարարությունից ամիսներ անց՝ 2022-ի ապրիլի 19-ին, «Արմենպրես»-ից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը:

Կենացները գնալով քաղցրանում են և արդեն 2023 թվականի մայիսի 15-ին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշում է, թե «մենք կցանկանայինք, որ խոստացված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության գործընթացը մի փոքր ավելի արագ ընթանար»։

Հիմա ուշադիր՝ 2025 թվականի հոկտեբերի 17-ին Սյունիքում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը շեշտում է, որ Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։

Թերևս ծիծաղելի կթվա, բայց երեկ նմանօրինակ մի հրապարակում էր արել Փաշինյանի տոհմական պարբերականը՝ ընդգծելով, որ «Հայաստանում ԵՄ ներդրումները կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի»։

Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ «դեպի ԵՄ գնացող» Հայաստանի անհասկանալի ապագայի մասին, և երբ Նիկոլն ասում է «Արևմուտքը մեզ աջակցում է», ժողովուրդ, ճիշտ է ասում, ուղղակի, ինչպես միշտ կիսատ է ասում՝ չպարզաբանելով, որ, այսպես կոչված «Արևմուտքը» Թուրքիան է, ով ատամները սրած սպասում է պանթյուրքիզմի վերջնական կյանքի կոչմանը»։