Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է


Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է
Փետրվար 24 15:03 2026

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։ Այս մասին ի պատասխան Aysor.am-ի հարցի, հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

 

Նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ 

 

Նշենք, որ տնօրենը վերանշանակումից հետո պաշտոնավարել էր մեկուկես աշխատանքային օր, ինչի դեմ բողոքի էին դուրս եկել երեխաների ծնողները։ Նրանք պնդում էին՝ փաստեր ունեն, որ նա յուրացրել է երեխաներին հատկացված սնունդը, կաշառք է ստացել նաև աշխատավարձեր է յուրացրել, ինչի համար էլ նրա դեմ քրգործ էր հարուցվել։

 

Դանիելյանին իր նախկին պաշտոնում վերականգնել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։