Իշխանության նպատակն է անկախ ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Տիգրան Աբրահամյան


Իշխանության նպատակն է անկախ ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Տիգրան Աբրահամյան
Հունվար 17 10:32 2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում։

««Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության ուղենիշներից է և ունի ակտիվացման հստակ միտումներ։

Իշխանության նպատակն է անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը։

Հատկապես ընտրություններին ընդառաջ իշխանությունը մի կողմից փորձում է հնարավորինս քողարկել իր վնասակար քաղաքականության հետևանքներն ու իր բերած ողբերգական էջերը, մյուս կողմից՝ դաշտն առավելագույնս լցնել սեփական օրակարգերով և իր համար նախընտրելի տեղեկատվությամբ։

Սա բռնատիրության կառուցման առանցքային ուղղություններից է»,- նշել է պատգամավորը։