2025-ը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, 2026-ը թող լինի պատվի հաղթանակով օրհնված տարի. Սրբազանների ուղերձը


2025-ը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, 2026-ը թող լինի պատվի հաղթանակով օրհնված տարի. Սրբազանների ուղերձը
Հունվար 5 11:36 2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով են հանդես եկել։

 

««Փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն բանի համար փառք քեզ»...

 

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Մեծ Խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում` մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով` նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս 2026 թվականին` մեր կյանքից հեռացնելով չարիքը իր բոլոր դրսևորումներով` սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը և մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը` այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է:

 

Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ էլ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացեք և ցնծացեք...» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19):

 

Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից` անանձնական, մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)... Դեպի Ազատագրում և Հաղթանակ... Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն:

 

Քրիստոս Ծնավ և Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»,- ասվում է ուղերձում։