Պաշտոնապես հայտարարում եմ՝ Սամվել Կարապետյանն Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. հրավիրված ասուլիսին ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Նախաքննական գաղտնիք չլիներ՝ կհրապարակեինք այսօրվա փաստթղթերը։ Մեր ձեռքի տակ կա իրավասու մասնավոր մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ Սամվել Կարապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի, կան ցուցմունքներ, որ առնչություն չունի։ Այդ ամենը գիտեն Քննչական մարմինները, դատարաններում գիտեն, քանի որ առնվազն չորս դատական ակտ հաստատել է, որ այդ առնչությունը չկա»,-ասաց նա։
Ըստ փաստաբանի, պարզապես ցավալի է, որ 53 քննիչներից բաղկացած խումբը դեռևս ինչ-որ վարութային գործերով է զբաղված, փոխարենը ավարտի, կամ դատարանները ուղղակի վեր գտնվեն ապօրինություներից ու կարճեն։
Վարդևանյանը միանշանակ նշեց, որ Սամվել Կարապետյանն Արցախի հետ ունեցել է այն աստիճան կապ, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվում է։ «Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել շուրջ 50 մլն դոլարից էլ ավելի բարեգործություն, որի համար Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են Սամվել Կարապետյանին, չեմ բացառում։ Բայց ավելի լավ կլիներ քննիչները գնային և Ստեփանակերտում կատարեին քննչական գործողությունները»,-ասաց նա և նշեց, որ չի զարմանա, եթե առաջիկայում իրավական փոխօգնությամբ փաստաթղթեր ստանան, և հարցնեն, թե ինչի համար է Կարապետյանը բարեգործություն արել Արցախում։










