Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն


Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն
Դեկտեմբեր 11 18:49 2025

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան իրականացրած միջոցառումների արդյունքում զգալիորեն կրճատվել է Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար սպասելու ժամանակը։ 

 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ 

Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։ 

 

«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ նորություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից պատասխանել են.  

«Համաձայն Շենգենյան վիզայի կանոնների և կարգավորումների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ աշխատել է համապարփակ մոտեցմամբ՝ վիզայի համար դիմող հայերի սպասարկումը բարելավելու համար: Այդ աշխատանքը ներառում էր այն որոշումը, որ 2025 թվականի հուլիսից վիզայի դիմումները պետք է ներկայացվեն արտաքին ծառայություն մատուցող TLS Contact-ին, մինչդեռ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում  է դեսպանատունը։  

Զուգահեռաբար, դեսպանատունը թարմացրել է իր տեղեկատվական համակարգը՝ պոտենցիալ դիմողներին վիզայի պահանջների մասին ավելի հարմարավետ ձևով տեղեկացնելու համար։

Այս միջոցառումները հանգեցրել են նրան, որ դիմում ներկայացնելու սպասման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Դեսպանատունը հանրությանը կտեղեկացնի այս հարցում ապագա զարգացումների մասին»։