Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն, արեք այնպես, որ հետո երկխոսել լինի


Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն, արեք այնպես, որ հետո երկխոսել լինի
Դեկտեմբեր 10 19:21 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․ «Պսևդոժողովրդավարությունը փոխակերպվում է ավտորիտարիզմի այն ժամանակ, երբ ռեժիմը օրենքները հարմարեցնում է իրեն՝ լռեցնելու ընդդիմությանը, անհամաձայններին և բողոքի ձայն բաձրացնողներին:

Ավտորիտարիզմը փոխակերպվում է ավտորիտար դիկտատուրայի այն ժամանակ, երբ ռեժիմին հարմարեցված օրենքներն այլևս չեն օգնում, իսկ անհամաձայնության ու բողոքի ալիքը մեծանում է, ուստի անհրաժեշտ է լինում գործի դնել օրենքից դուրս բռնությունն ու բանդիտական ահաբեկման մեթոդները:

Օրինակ՝ իմ պարագայում բնականոն հարց է չէ՞ առաջանում. բացի մասնագիտական ու հանրային-քաղաքական գործունեությունից որևէ այլ բանով չի զբաղվում, անձնական ոչ մի թշնամի չունի, որևէ մեկի հետ անձնական վեճ, նույնիսկ հակասություն չունի, ոչ մեկին պարտք չէ, ոչ մեկ իրեն պարտք չէ… և 2021-ին տան դիմաց պայթեցնում են մեքենան, գործը մնում է չբացահայտված: 2025-ին օրը ցերեկով դիմակավորված անձիք թիկունքից հարձակվում են, հարվածներ հասցնում ու հեռանում:

Լավ, ենթադրենք դիկտատուրայի վերածված Նիկոլի ռեժիմը չէ այս ամենը կազմակերպել, բա ո՞վ է կազմակերպել՝ այլմոլորակայինները՞, թե՞ ասենք՝ մի ոտանի սև սատանան: Եթե կատարվածն ավտորիտար դիկտատուրան չի բացահայտում, ուրեմն հենց ինքն է կազմակերպել: Պարզագույն տրամաբանությունն, անգամ, հուշում է, որ այլ տարբերակ բնության մեջ գոյություն չունի:

Հուսով եմ՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը դրոշակ դարձրած դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն անելիք ունեն: Որովհետև Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն: Արեք այնպես, որ հետագայում այդ արժեքների շուրջ ձեր հետ երկխոսել լինի…

Հ.Գ. Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է»: