Վարդենիսում դեկտեմբերի 7-ին նախնական տեղեկություններով շմոլ գազի արտահոսքից մահացած 26-ամյա կապիտան Ալեքս Մ․-ին Երևանում այսօր վերջին հրաժեշտը տվեցին։
Ալեքսը Երևանի Շենգավիթ վարչական շրջանից էր, բնակվում էր ծնողների, իրենից փոքր եղբոր և տատիկի հետ։ Ամուսնացած չէր։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Վարդնիսում վարձակալած տանը, որտեղ 1 տարուց ավելի բնակվում էր։
Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան 5 տարվա պայմանագիր էր կնքել և ծառայության անցել Զինված ուժերում։ Ծառայում էր Վարդենիսի զորամասում, պատերազմի մասնակից էր։ Մի քանի ամսից պայմանագրի ժամկետը լրանալու էր և տուն վերադառնար։
«Հարևաններից լսեցինք դեպքի մասին, շատ ցավում ենք։ Արտակարգ անձնավորություն էր, լավ ընտանիքի զավակ, հայրենիքին նվիրված սպա։ Իր վարձով վերցրած տանն է դեպքը պատահել, գազի ուգար է եղել։ Գործից հոգնած եկել է տուն, պառկել է քնել ու էլ չի զարթնել։ Պայմանագիրը 5 տարով էր, 2-3 ամսից պետք է լրանար ու տուն գար։ Երեկ Ալեքսի հոգեհանգիստն էր, այսօր՝ հուղարկավորությունը։ Աստված հոգին լուսավորի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած սպայի հարևաններից Գևորգ Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել։
Այս առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։
Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը անկողնում պառկած վիճակում։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»։










