Մարդու իրավունքներ նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ներկայացնում է ՀՀ ներքաղաքական իրավիճակը.
«Եկեղեցու վերաբերյալ հարցին իմ պատասխանը հետևյալն է․
Ինձ և մեր քաղաքացիների մեծամասնությանը հոգնեցրել են Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները մեր եկեղեցու նկատմամբ, քանի որ դա արդեն պայքար է մեր պետականության դեմ, քայքայում է մեր դիմադրողականությունը։
Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը առաջնորդվում է բացառապես օրենքով, որի ղեկավարը զբաղված չէ հանուն իր անձնական և քաղաքական շահերի մարդկանց ձերբակալելով, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցու ներկայացուցիչները չունեն որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու կարիք։
Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից։ Այս անվերջ մանիպուլյացիաները, բաժանարար քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի, եպիսկոպոսների անձնական կյանքի քննարկումները, Վարչապետի անձնական կյանքի քննարկումները։
1. Սրանք չեն ստեղծում գոնե մեկ աշխատատեղ։
2. Չեն ամրապնդում մեր Զինված ուժերը։
3. Չեն բարելավում մեր կրթական համակարգը
4. Չեն ստիպում հակառակորդին դուրս գալ մեր երկրից զավթված տարածքներից:
Հետևաբար մենք չպետք է թույլ տանք, որ մեզ շեղեն այս հարցերով։
Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա , մեր երկրի համար անհրաժեշտ։
Իմ օրակարգային խնդիրը, ես շարունակելու եմ կենտրոնանալ դրա վրա։
Ստեղծել բարեկեցիկ, ուժեղ, արդար Հայաստան»։










