Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան


Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հուլիս 17 23:21 2026

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին Factor.am-ին ասել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում Թովմասյանն իրավունք ուներ գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ, ինչը, փաստորեն, արել է։

Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։

Ըստ գործի՝ Հրայր Թովմասյանը 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Բաղրամյան 1 նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող Նորայր Փանոսյանի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նոտարական տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին։ Նոտարական տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն, այնուհետև, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը, 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է  բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Թովմասյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում մի քանի տարի է տևել։ Նա պարբերաբար բարձրաձայնել է, որ գոնե մեկ ապացույց առկա չէ, գեթ մեկ ցուցմունք չի տրվել այն մասին, որ ինքը կապ է ունեցել նոտարական տարածքի հետ։ Նա հայտնել է նաև, որ իր դեմ սկսված գործընթացի նպատակն իրեն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելն է եղել, իսկ մինչև քրեական հետապնդում հարուցելն իրեն բազմիցս առաջարկել են հրաժարական տալ։

Մեղադրական դատավճռից հետո Թովմասյանը նաև ՍԴ դատավորի կարգավիճակից է զրկվել։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով»: