Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր


Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր
Հուլիս 17 22:51 2026

Ուգանդայում էբոլայով վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի բռնկումը․ գրանցվել է 2073 հաստատված դեպք և 796 մահվան դեպք։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) գնահատմամբ՝ Եվրոպական Միությունում և Եվրոպական տնտեսական գոտում վարակման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր։

Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված բուժում և լիցենզավորված պատվաստանյութ Բունդիբուգյո շտամով պայմանավորված էբոլայի դեմ դեռևս չկա։

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել որպես ցածր։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ։