Արշակ Սրբազանին արգելված են տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանի


Արշակ Սրբազանին արգելված են տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների և փաստաբանի
Դեկտեմբեր 8 15:32 2025

Դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։

Փաստաբան Արսեն Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Սրբազան Հայրն իրեն լավ է զգում, որևէ խնդիր չկա։

«Արշակ Սրբազանի տրամադրությունը բարձր է, ամեն ինչ նորմալ է»,- նշեց Բաբայանը։

Արշակ Սրբազանը Բագրատ ու Միքայել Սրբազանների հետ նույն խցում է։

Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են։

«Միայն մերձավոր ազգականների հետ է թույլ տրված տեսակցություն և փաստաբանի»,- հավելեց Արշակ Սրբազանի փաստաբանը։

Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։ Սրբազանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։