Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ


Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Դեկտեմբեր 8 14:34 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եկեղեցու «նորոգման» ճանապարհային քարտեզ է ներկայացրել, երբ նրան հաջողվի հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

 

Aysor.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասաց, թե միջամտությունը ներեկեղեցական կանոնական կյանքին ոչ միայն չի բխում Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի գործառույթներից, այլ նաև հակասում է իր պաշտոնին ու իր կարգավիճակին։

 

«Սահմանադրությունը նախատեսում է օրինականության սկզբունքը, համաձայն որի, պաշտոնատար անձինք, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել է Սահմանադրությունը կամ օրենքը։

 

Այս ողջ գործընթացը, միջամտությունը ներեկեղեցական կանոնական կյանքին, ոչ միայն չի բխում Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի գործառույթներից և հետևաբար հակասում է իր պաշտոնին ու իր կարգավիճակին, այլ զուգահեռաբար ունենք պետության և եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորող օրենք։ Այն հստակ արգելում է պետության կողմից միջամտությունը ներեկեղեցական կյանքին»։

 

Հետևաբար, ըստ Մելոյանի, ցանկացած գործընթաց, մեկնաբանություն, միջամտություն, որն իրենց թույլ են տալիս թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ պաշտոնատար անձինք, հակաիրավական, հակասահմանադրական գործընթացներ են։

 

Նրա խոսքով՝ նորմալ, իրավական պետությունում այդ ամենը հետևանքներ կունենար։

 

«Այս ամենը քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ են, պարզապես սրանք առաջինը չեն։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության գործընթացներին միջամտում՝ դատարանների շրջափակման տեսքով։ Տեսել ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի կոչով ու անձամբ իր մասնակցությամբ շրջափակվում Ազգային ժողովը։ Այս գործընթացներից որևէ մեկը չի ունեցել Նիկոլ Փաշինյան վարչապետի համար իրավական հետևանք։ Հենց սա է ճգնաժամային իրավիճակը, երբ կա օրենքով նախատեսված հետևանք և լուծում, բայց դա վրա չի հասնում»,-ասաց Մելոյանը։