«22-ամյա Արտյոմը Սանկտ Պետերբուրգից երբեք չէր մտածի, որ սիրելի էներգետիկ ըմպելիքները մի օր կխլեն իրենից ամենաթանկ բաներից մեկը՝ քայլելու ունակությունը։ Սկզբում օրական մեկ տարա էր օգտագործում, բայց ժամանակի ընթացքում այդ սովորությունը վերածվեց ծանր կախվածության, և օրվա ընթացքում սկսեց խմել մինչև հինգ տարա։Արագ էներգիայի «անվնաս» աղբյուրը կամաց-կամաց սկսեց քանդել նրա առողջությունը»,-գրել է բժիշկ Հայկ Քոչարյանը։
Նա մանրամասնում է.
«Արտյոմը մի քանի անգամ հայտնվեց հիվանդանոցում ուժեղ որովայնային ցավերով, փսխումով և սրտխառնոցով։ Ախտորոշվեց ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), սակայն հիվանդության կրկնվող ալիքները չհաջողվեց կանգնեցնել։
Հետագայում ենթաստամոքսային գեղձում կիստա ձևավորվեց, զարգացավ թարախային նեկրոզ և օրգանիզմի ծանր ինտոքսիկացիա, ինչը հանգեցրեց ստորին վերջույթների կաթվածի։
Այսօր Արտյոմը պայքարում է,և վերականգնողական բուժումների շնորհիվ նորից սովորում քայլել։
Արտյոմի պատմությունը հիշեցնում է, թե որքան վտանգավոր կարող են լինել էներգետիկ ըմպելիքները։
Դրանք տալիս են ուժ և էներգիա, բայց իրականում այդ ամենի դիմաց մենք վճարում ենք չափազանց թանկ գին(նյարդերի վնասում,սրտի ռիթմի խանգարումներ,օրգան համակարգերի հիվանդություններ,քայլելու ունակության կորուստ)։
Հիշեք, որ իրական և օրգանիզմի համար անվնաս էներգիան գալիս է քնից, առողջ սննդից և շարժումից, ոչ թե փայլուն տարայի մեջ թաքնված թույնից»։










