Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց


Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբեր 7 12:08 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի  գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Իջևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ, Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա Ա․ Ս․-ն և 10-ամյա Ս․ Մ․-ն ծեծի են ենթարկել իրենց համադասարանցի Հ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։