«Հայաստանում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան՝ կալանավորված խոսքի համար, իսկ կոնկրետ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործը քաղաքական ռեպրեսիաների ամենապիկին գտնվողներից է, որովհետև Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ոչ միայն խոսքի համար են կալանավորել, այլև նպատակ են ունեցել կասեցնել «Իմնեմնիմի» փոդքասթի հեռարձակումը, փորձել են ամբողջությամբ դադարեցնել «Անտիֆեյք» հարթակի գործունեությունը, ինչը իր հերթին ռեպրեսիոն գործողություն է մամուլի նկատմամբ»,- այսօր Kartsiq.am-ի հարթակում հայտարարել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նա ընդգծել է՝ թեպետ իշխանությունները վերջնականապես չհասան իրենց նպատակին, քանի որ աջակիցների շնորհիվ թե՛ «Իմնեմնիմի» փոդքասթն է շարունակվում հեռարձակվել, թե՛ «Անտիֆեյք» հարթակի գործունեությունն է ոչ լիարժեք, սակայն՝ ապահովվում, այնուամենայնիվ, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալներ են. կալանավորված են իրենց քաղաքական դիրքորոշման համար։
«Նարեկը և Վազգենը քաղաքական բանտարկյալներ են, ովքեր արդեն երկրորդ անգամ են քաղաքական ռեպրեսիաների զոհ դառնում։ Օրվա ռեժիմի գործողություններն ազատ խոսքի դեմ են, ինչը չի կարող համարվել դեմոկրատիա, այս ամենը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության» զոհն են՝ քաղաքական բանտարկյալներ, ովքեր կալանավորվել են իրենց խոսքի համար»,- ասել է Դանիելյանը։
Նա շեշտել է՝ Հայաստանում «սևերի ու սպիտակների» բաժանումը պետք է վերացվի, խոսքի ազատությունը՝ վերականգնվի.
«Եվ ոչ մեկը չպետք է լինի բանտում՝ իր խոսքի, իր կարծիքի համար»։










