ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հաստատել են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը հաստատվել է։
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթոսվ նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
Երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր։ Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Արշակ Սրբազանն իրեն վերագրվող տեսանյութի գործով ցուցմունք է տվել, Սրբազանը տուժող չի ճանաչվել։
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է՝ Արշակ Սրբազանն ասել է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։
Այսօր Բաբայանը հայտարարել է նաև, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով, որ իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնար է վստահել, հրաժարվում է այցելել ՔԿ։











