Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ գնդակը Գարեգին Բ-ի դաշտում է․ քաղաքագետ


Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ գնդակը Գարեգին Բ-ի դաշտում է․ քաղաքագետ
Նոյեմբեր 27 23:03 2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Հայ Առաքելական Եկեղեցու 13 հոգևորականների անունից տարածված հայտարարությունն ու դրանում հնչեցված պահանջները՝ ինչպես Արշակ Սրբազանի, այնպես էլ Գարեգին Բ Վեհափառի հրաժարականների վերաբերյալ, չեն կարող դիտվել որպես բնական, ինքնաբուխ կամ ներեկեղեցական դրդապատճառներով պայմանավորված նախաձեռնություն։

Նախ, փաստաթղթի տակ նշված 13 հոգևորականներից ստորագրել են միայն 9-ը։

Մնացած չորսի ստորագրությունների բացակայությունը խոսում է ոչ թե ներեկեղեցական համերաշխության, այլ՝ գործընթացի խնդրահարույց և ոչ միանշանակ բնույթի մասին։

Բացի այդ, ստորագրողների խմբում կան հոգևորականներ, ովքեր տարիների ընթացքում իրենք են խախտել կուսակրոնության ուխտը՝ դրանով իսկ զրկվելով բարոյական հիմքից նման պահանջների առաջամարտիկ լինելու համար։

Կասկածից վեր է, որ այս նախաձեռնությունը չի շրջանցել իշխանական ճնշումների կամ «գայթակղությունների» դաշտը։

Այդ ենթադրությունն ամրապնդվում է վարչապետ Փաշինյանի այսօրվա ցուցադրական ուղղորդմամբ․ նա ոչ միայն բացահայտ ողջունել է «խռովարարների» հայտարարությունը, այլև անմիջապես նախաձեռնեց հանդիպում ստորագրած հոգևորականների հետ։

Այս վարքագիծը փաստում է, որ հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է իշխանության երկարատև հակաեկեղեցական քաղաքականության տրամաբանության մեջ։

Փաշինյանին հաջողվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունը տեղափոխել Եկեղեցու ներս՝ ներեկեղեցական տարաձայնությունները վերածելով խոր ճգնաժամի։

Վեհափառի շուրջ օղակը շոշափելիորեն սեղմվել է, և, իմ գնահատմամբ, հնարավոր տխուր հանգուցալուծումը ընդամենը օրերի հարց է։

Այստեղ խնդիրը չի սահմանափակվում միայն Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։

Խնդիրը շատ ավելի խորքային է․ Հայ Եկեղեցու առաջնորդի ապագան այլևս չեն որոշում եկեղեցական կանոնները, ավանդույթներն ու ներքին ինստիտուտները։ Դրանց փոխարեն որոշումներ են թելադրվում իշխանությունից՝ վտանգավոր նախադեպ ստեղծելով եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության համար։

Ցավով պետք է արձանագրել, որ բարձրաստիճան հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ, այս ամբողջ ընթացքում չդրսևորեց այն որակները, վճռականությունն ու միասնականությունը, որը անհրաժեշտ էր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելու համար։

Արդյունքում՝ և՛ իշխանության հետևողական ճնշումները, և՛ ներեկեղեցական տարաձայնությունները Եկեղեցուն կանգնեցրել են իր պատմության ամենաբարդ ու վտանգավոր հանգրվաններից մեկի դիմաց։

Հայ Առաքելական Եկեղեցին պետք է վերականգնի իր ներքին միասնականությունն ու ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը՝ դուրս գալով իշխանության ռեպրեսիվ ճնշումների, միջամտությունների և հաշվարկների շրջանակից։

Սա իրավունքի, ազգային ինքնության, հոգևոր անվտանգության և պետության ինստիտուցիոնալ կայունության հարց է։

Բայց արդյո՞ք Վեհափառը պատրաստ է ասիմետրիկ քայլերի, համարձակ ռեֆորմների, որոնք ուղղված կլինեն Եկեղեցու ինքնավարության ամրապնդմանը:

Այդ քայլերը, մի կողմից, կչեզոքացնեն իշխանության ռեպրեսիվ կամպանիայի հետևանքները, մյուս կողմից՝ Եկեղեցու ներքին առողջացման ազդակ կդառնան:

Կգնա՞ Գարեգին Բ-ն նման քայլերի, որոնք ապտակ կլինեն Փաշինյանի հակապետական կուրսին, բայց գուցե ինքնազոհություն պահանջեն նաև Վեհափառից»: