Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովում հրավիրված՝ ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկմանը:
Հանրային քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել «Մարտի 1-ի գործով դատարանում մեղադրանքի պաշտպանություն» թեմայով ելույթով՝ մասնավորապես նշելով.
«Իմ ելույթի շրջանակներում կանդրադառնամ «Մարտի 1»-ի գործով 2022 թվականից մինչ օրս Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողություններին: Այսպես.
Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա՝ Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 6-ին մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ նախկին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է:
Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը թողնվել է անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը՝ խնդրելով բեկանել ստորադաս դատական ատյանների որոշումները և քրեական գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան նախկին Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:
Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա՝ գործը քննող դատավորի լիազորությունները դադարեցվել են և քրեական գործը 2024 թվականի սեպտեմբերի 2-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի մեկ այլ դատավորի:
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության:
Ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի որոշման լույսի ներքո, եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողի կողմից կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու և նրանց նոր՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ:
2025 թվականի նոյեմբերի 24-ին դատարանը հանրային մեղադրողին ժամկետ է տրամադրել նշված որոշումները Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ կազմելու և ներկայացնելու համար: Առաջիկայում փոփոխված մեղադրանքները կներկայացվեն դատարան:
2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:
Հետադարձ պահանջի չափը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով՝
- Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 4-ին ընդունված՝ «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա Կառավարության կողմից 2019 թվականի օգոստոսի 8-ին ընդունվել է թիվ 990-Ն որոշումը:
- Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը, որի համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց մինչ 2024 թվականի հոկտեմբերի 25-ը տրամադրված աջակցության չափը կազմում է 670 միլիոն դրամ:
Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով հայցագնի՝ 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա:
Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
Նույն օրը՝ 2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած՝ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը:
«Մարտի 1»-ի գործով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Գլխավոր դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 29-ին՝ երեկոյան, հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարներին հրամայել է ցրել Երևան քաղաքի «Ազատության« հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարներին և արգելել հիշյալ հրապարակում հավաքների անցկացումը:
Նշված խորհրդակցությունից հետո փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում է հավաքել հիշյալ գնդի ծառայողներին, որից հետո գնդի ղեկավարությանը կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով և «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար անձնակազմը տեղափոխել հիշյալ հրապարակ:
Ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Սաշա Աֆյանի կազմակերպմամբ, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, մուտք են գործել հրապարակ, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության (ֆիզիկական ուժի) ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին և հարկադրաբար դուրս հանել հիշյալ հրապարակից: Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները, քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով, շրջափակել են «Ազատության» հրապարակը և թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, Սաշա Աֆյանի և այլ անձանց կազմակերպմամբ ոստիկանական ուժերը շարունակել են բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել քաղաքացիներին քաղաքի կենտրոնական հատվածներում՝ նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Ոստիկանության կողմից «Ազատության» հրապարակում և հարակից փողոցներում կատարված գործողությունների արդյունքում երեք տասնյակից ավել քաղաքացիների առողջությանը պատճառվել է թեթև և միջին աստիճանի մարմնական վնասվածքներ, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
2019 թվականի հոկտեմբերի 26-ին որոշում է կայացվել Սաշա Աֆյանին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրն առաջադրվել է մեղադրանք:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսել պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Հոդվածի 2-րդ մասով նախատեսված է լիազորություններն անցնելու որակյալ հանցակազմը, այն է՝ նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Գլխավոր դատախազի որոշմամբ արձանագրվել է նաև, որ. «Մեղադրյալ Սաշա Աֆյանն իր ցուցմունքով խնդրել է իր նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Գտնելով, որ մեղադրյալ Սաշա Աֆյանի կողմից բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելն ավարտվել է 2008 թվականի մարտի 1-ին, հետևաբար՝ Սաշա Աֆյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է, վարույթն իրականացնող քննիչ՝ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանի կողմից 2020 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել թիվ 62202608 քրեական գործով Սաշա Աֆյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Թիվ 62202608 քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկող դատախազի կողմից չի վերացվել վերոգրյալ որոշումը՝ այդ կերպ հաստատելով դրա օրինականությունը»:
Գլխավոր դատախազի որոշման համաձայն՝ Սաշա Աֆյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննիչի 2020 թվականի հունվարի 30-ին որոշումը, այն չվերացնելու մասին հսկող դատախազի վարութային ակտը օրինական և հիմնավոր չեն ու ենթակա են վերացման:
Գլխավոր դատախազի որոշման հիմքում, ի թիվս ներպետական օրենսդրության, միջազգային փաստաթղթերի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի, դրված է Վճռաբեկ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը, որի համաձայն՝ առնվազն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ առկա է եղել խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի, այդ թվում՝ պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք:
Հետևաբար, Սաշա Աֆյանին մեղսագրված է եղել արարք, որը, որպես վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով:
Առաջիկայում այս դրվագը մեղադրական եզրակացությամբ կհանձնվի դատարան»:










