Այսօր ազդարարվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը։
Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարեց, որ ստանձնել են քաղաքական պատասխանատվություն՝ ժողովրդին սատարելու և բոլորի ջանքերը միավորելու համար։
««Միասնության թևեր»-ը նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, նայենք առաջ ու իրար վեր բարձրացնենք, նաև նշանակում է հայ ժողովրդի միասնություն և համերաշխություն աշխարհում՝ ՀՀ-ում և Սփյուռքում»,-ասաց նա։
Թաթոյանը պարզաբանեց, որ իրենց խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են իրենց առաջնորդող 7 արժեքները. «Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, համբերություն, հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ մենք շարժվելու ենք առաջ։ Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն, մենք՝ հիմնախնդիրների լուծմանը։ Հակադրության ժամանակն ավարտված է, եկել է արարելու ժամանակը»,-ասաց նա։