Ի՞նչ կլիներ Արցախի հետ, եթե չլիներ համաժողովրդական շարժումը. Ղուլյան


Ի՞նչ կլիներ Արցախի հետ, եթե չլիներ համաժողովրդական շարժումը. Ղուլյան
Հոկտեմբեր 9 14:30 2025

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը։

«Ներհայկական հանրային դիսկուրսում արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են, իսկ նպատակը՝ Շարժման դերի ու նշանակության նսեմացումը:

Առաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձությունների նարատիվները և խորացնել հանրային քննարկումների մեջ այս թեմաների շուրջ շարունակվող պառակտումները: Թեմայի խիստ վտանգավորությունը, պատմությունը կեղծելու միտումները ստիպում են կրկին հենվելով փաստերի վրա ներկայացնել ճշմարտությունը։

Ի՞նչ կլիներ Արցախի հետ, եթե չլիներ համաժողովրդական շարժումը:

Կփորձենք ուրվագծել այն շրջանակը, որի միջոցով ընթերցողներին կուղղորդենք ինքնուրույն գտնելու հոդվածի վերնագրի համար ընտրված հարցի պատասխանն ու արձանագրման հիմքը:

Վստահ եմ, որ գոնե կարիք չկա բացատրել, որ Ղարաբաղյան շարժումը 1-2 օրում չի սկսվել և, որ 1988թ. առաջ էլ տեղի են ունեցել նման պոռթկումներ: Բայց թերևս արժե հիշեցնել, որ Ղարաբաղի հարցը, որպես հակամարտության նյութ, ձևավորվել է 100 տարի առաջ՝ 1918 թվականից, իսկ 1921թ., երբ երրորդ երկրի կուսակցական մարմնի ի սկզբանե անօրեն որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, այս թեման դարձավ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության անբաժան բաղադրիչը: Համոզված եմ նաև, որ 1945թ. ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի Ստալինին ուղղված նամակի մասին շատերն են հիշում, որտեղ Հայաստանի ղեկավարը խնդրում էր Հայրենական պատերազմը հաղթած ԽՍՀՄ առաջնորդին Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, բայց հավանաբար քչերը գիտեն, որ 1935-36թթ. բուն Լեռնային Ղարաբաղում լուրջ բողոքներ են գրանցվել՝ մարզի հայկական գյուղերը Մուղանի տափաստաններ տեղափոխելու Ադրբեջանի ղեկավարների հյուսած ծրագրերի դեմ»: