Կառավարությունը կփոխհատուցի 2024-25թթ.-ին կարկուտից տուժած ֆերմերներից ոչ բոլորին


Կառավարությունը կփոխհատուցի 2024-25թթ.-ին կարկուտից տուժած ֆերմերներից ոչ բոլորին
Հոկտեմբեր 9 12:13 2025

«Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերի նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թ.-ից, այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է 2024 և 2025թթ կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածքներում և այգետարածքներում կարկուտի հասցրած վնասը կազմել է 40-100%»,-կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով աջակցության հերթական ծրագիրը։

Ըստ նախարարի, հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացնեն գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, որպեսզի հաջորդ գյուղատնտեսական տարում կարողանան իրականացնել գյուղատնտեսկան գործունեություն։

Որոշմամբ ասվում է, որ այն ֆերմերները, որոնք 2024-25թթ. ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան սերմերի գծով, չեն կարող փոխհատուցում ստանալ

Պապոյանը տեղեկացրեց, որ եթե այգին վնասվել է 100 %-ով, ապա ծիրանի դեպքում փոխհատուցումը կկազմի 302 հազար դրամ, կարտոֆիլի դեպքում՝ 446 հազ դր, բանջարաբոստանային կուլտուրաները՝ 137 հազ դրամ, աշնանացան ցորենը՝ 55 հազ դրամ։

«Աջակցություն ստանալու համար շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը, դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ։ Վերջիններս էլ 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերը և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։

Կառավարության նիստը նախագահող փոխվարչապետ Տիգրան Խաչատյանը պարզաբանեց, որ գյուղացիական տնտեսությունները վերջին երկու տարիներին զրկված են եղել բերքի ապահովագրումից, քանի որ ընկերությունները դրանք ռիսկային են համարել և չեն ապահովագրել։

Ըստ Խաչատրյանի, պետք է գնտել ապահովագրման նոր մեխանիզմ, որը նախատեսում են գործարկել 2026 թվականից։

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտնեց, թե թուրքական ընկերության հետ են խոսել, որպեսզի հասկանան, թե ապահովագրման ինչ գործող համակարգ ներդնեն։