Քենիայից ժամանած Արտակ Սարգսյանը կուսակցություն է հիմնել. ինչ «մեսիջ» են նրան ուղարկել իշխանությունները


Քենիայից ժամանած Արտակ Սարգսյանը կուսակցություն է հիմնել. ինչ «մեսիջ» են նրան ուղարկել իշխանությունները
Հոկտեմբեր 8 23:46 2025

Քենիայից ժամանած Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը դատարանը պարբերաբար երկարացնում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) հունիսի 10-ին Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։

Այդ ժամանակ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա։ Այնուհետև պաշտպանը հայտնել էր, որ Սարգսյան եղբայրներն ազատ են արձակվել։

Սակայն Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 2 ամսով, որն էլ հետագա ամիսների ընթացքում երկարացվել է:

Irakanum.am-ի հետ զրույցում Արտակ Սարգսյանը դատարանի որոշումը համարեց քաղաքական հետապնդում: «2024 թվականից չորս ամիս գտնվել եմ տնային կալանքի տակ, հետո հոկտեմբերին վարչական հսկողություն և արդեն 42 օր է գլխավոր դատախազուհու բողոքով Վճռաբեկ դատարանը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բեկանեց որոշումը և դարձյալ տնային կալանք»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ գլխավոր դատախազությունը իր բողոքով պահանջել էր արգելել այլ անձանց հետ շփումը, բացի ընտանիքի անդամներից և փաստաբանից, սոցիալական ցանցերում գրառումներ չանել, ինչպես նաև հարցազրույցներ չտալ ԶԼՄ-ներին: «Բայց փառք Աստծո մասնակի բավարարեց, սահմանեց տնային կալանք: Իհարկե քաղաքական հետապնդում է: Ձեզ ասեմ, որ մենք ըստ էության ոչ թե Բագրատ Սրբազանին էինք միացել, այլ ժողովրդական շարժմանը և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ Հայաստան էի եկել իմ շարժումը սկսելու, բայց քանի, որ այս շարժումն արդեն իսկ սկվել է, մենք սատարում ենք և միանում ենք»,- նշեց նա:

Արտակ Սարգսյանը Irakanum.am-ի հետ զրույցում նաև սկանդալային հայտարարություն արեց: Նրա խոսքով՝ իրեն մի քանի անգամ կանչել են զրույցի, ասելով, որ դադարեցնի հասարակակական – քաղաքակական ակտիվությունը և այդ դեպքում հանգիստ կվերադառնա Քենյա: «Մի քանի անգամ կանչել են զրույցի, ասել են հրաժարվի քաղաքական հայացքներիցդ ամեն ինչը կհանենք, ասել եմ, որ չէ: Վարչական հսկողության ժամանակ էլ ընկերներ են ուղարկել, էլ կուրսեցիներ, որ եղբայր էս դրությունը դուրդ գալիս է, արի դու հրաժարվի, իրենք էլ թող հանեն թռի գնա քո Քենյա, ասել եմ չէ»,- պատմեց Սարգսյանը: Հարցին, թե ովքեր են հրավիրել զրույցի, Սարգսյանն ասաց, թե այդ կարգի բոլոր զրույցները իրականացվել են Քննչական կոմիտեում: «Ոստիկանների ուղեկցությամբ տանում էին քննչական, ասում էի բա ուր է փաստաբանս, ասում էին էսի հարցաքննություն չէ, զրույց է: Սկզբում նաև վախեցնել էին, ասում էին, թե երբ ուզենան զենք կգցենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Սարգսյանը: «Այդ ժամանակ երբ մեզ բռնել էին իբր զենք պահելու կասկածանքով եւ տեսան, որ զենք չկա, անմիջապես փոխեցին մեղադրանքը ապօրինի երկիր մուտք գործելը դարձրին»,- ասաց Սարգսյանը, միաժամանակ հավելելով, որ Հայաստան ինքն ու եղբայրը ապօրինի չեն եկել: «Այս ամենը շինծու գործ է, դատական նիստերը նման են խեղկատակության:Ամեն անգամ երկու ամսով երկարացնում են, հոկտեմբերի վերջ նորից դատական նիստ է նշանակված»,- նշեց Արտակ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ այս ճնշումները որեւէ կերպ չեն ազդելու իր քաղաքական հայացնքների վրա, իսկ իրեն լռեցնելու փորձերն ապարդյուն են: «Հայաստանում իշխանափոխություն է լինելու, մասնակցելու ենք ընտրություններին, ես իմ կուսակցությունն եմ ստեղծել, կոչվում է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»: Ծրագիրը շատ մեծ է, ժողովրդին կվերադարձնենք իշխանությունը, հաղթելու դեպքում մենք գալիս ենք ծառայության: Անելիքները շատ են, և ես մնալու եմ պայքարելու եմ և 2026 թվականին հաղթելու ենք»,- եզրափակեց Արտակ Սարգսյանը