Սեպտեմբերի 29-ին գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Վանքի տափ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են Սյունիքի քրեական և Գորիսի համայնքային ոստիկանության օպերատիվ խմբերը։
Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, մուտքի դուռը բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արմինե Մ․-ի բնակարան, խառնել տան իրերը, ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջօղ, ոսկյա մատանի՝ պատճառելով մի քանի միլյոն դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Մ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գորիսի մասնաճյուղում՝ որպես գլխավոր ճարտարագետ։