Ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը․ Արտակ Զաքարյան


Ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը․ Արտակ Զաքարյան
Հոկտեմբեր 8 23:16 2025
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով, ադրբեջանական Գաբալայում ընդունվել է հռչակագիր, որն անդրադարձել է նաև մեզ։
Մասնավորապես՝ յոթ երկրների ղեկավարներ, իրենց համատեղ հռչակագրում նշել են Միջին միջանցքի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նրանք նաև վերահաստատել են այս հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը։
Ադրբեջանը, բնականաբար Թուրքիայի աջակցությամբ, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը համառորեն դարձնում են միջազգային ընկալման հարց և այդ հակահայկական գաղափարի շուրջ փորձում է ավելի ու ավելի մեծ թվով համախոհներ հավաքել՝ նախապատրաստելով միջազգային անհրաժեշտ աջակցությունը նաև այդ հարցում։ (Եթե իհարկե Նիկոլը չի խոստացել միջանցք տրամադրել)։
Գաղտնիք չէ նաև, որ թյուրքական պետությունների միջև նախատեսված է ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցություն՝ որի հիման վրա, Ալիևն առաջարկել է անդամ պետությունների համատեղ զորավարժությունները, 2026 թվականին անցկացնել Ադրբեջանում։
Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում (այսինքն՝ հարավկովկասյան տարածաշրջանում), և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը (կամ թիրախները)։
Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ռազմական գործողությունները կարծես թե նոր շարունակություն են ունենալու։ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների ինտենսիվության և մասշտաբների ընդլայնման հարցեր է քննարկում։
Ի՞նչ է անելու Հայաստանը՝ Նիկոլի կողմից կործանված, ձախողված ու ամբողջությամբ կեղծված քաղաքականության պայմաններում։ Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը, ոչ ոք խաղաղության չի պատրաստվում։