Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոյթյան Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի այցելել են Նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ, թակել են դուռը և երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել ննջասենյակում պահվող 40 հազար ԱՄՆ դոլար, ապա դիմել փախուստի:
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: