Շենգավիթում 28-ամյա «Կյաժ Աշոտի» սպանության գործով մեղադրյալ Կոնստանտին Հունանյանին՝ «Կոկո»-ին, ով, գտնվելով կալանքի տակ, մոտ 2 տարի առաջ փախուստի էր դիմել «Արթմեդ» ԲԿ-ից, դեռևս չեն արտահանձնել ՀՀ-ին։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ չնայած այն հանգամանքին, որ Հունանյանը Վրաստանում հայտնաբերվել է ամիսներ առաջ, նրա արտահանձնման գործընթացը դեռ չի ավարտվել։
Քրեական հեղինակություն համարվող «Ալավերդյանցի Կոկոն»՝ Կոնստանտին Հունանյանը, «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի է դիմել 2024թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հունանյանը ՔԿՀ-ից ԲԿ էր տեղափոխվել ստացիոնար բուժում ստանալու նպատակով։ Փախուստի դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի՝ կալանավորի փախուստի և 446-րդ հոդվածի ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
Իրավապահների հսկողության տակ գտնվելու պայմաններում փախուստի դիմած Հունանյանը հայտնաբերվել է շուրջ վեց ամիս անց՝ 2025թ․ ապրիլին՝ Վրաստանում և արդեն մեկ տարի է, ինչ չի արտահանձնվել, իսկ սպանության գործից Հունանյանի մասով դրվագն անջատվել է և քննվում է առանձին վարույթով, սակայն քննություն, որպես այդպիսին, չի իրականացվում․ դատական նիստերը հետաձգվում են՝ Հունանյանի՝ արտահանձնված չլինելու հիմքով։
Կոնստանտին Հունանյանը կալանքի տակ էր Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» սպանության գործով։ Մինչ այդ էլ Հունանյանը դատապարտված է եղել ավազակային հարձակման գործով։
Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել, Աշոտ Պետրոսյանը ստացել էր հրազենային վիրավորում, «Շենգավիթ» ԲԿ-ում՝ մահացել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձի։
Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի ձեռք էր բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել Աշոտ Պետրոսյանին, այնուհետև ձեռք էր բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ․ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը՝ Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։ Վերջինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2021թ․-ին։ Գործն արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի վարույթում է։ Հունյանյանի մասով դրվագն անջատվել է, գտնվում է նույն դատավորի վարությում։
Նախաքննության փուլում ևս «Կոկոն» դիմել էր փախուստի, ու շուրջ 1 տարի էր պահանջվել նրան հայտնաբերելու համար, թեև գտնվել էր Հայաստանում։ 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող «Կոկոյին» իրավապահները հայտնաբերել էին միայն 2021 թվականի օգոստոսին՝ Կենտրոնում գտնվող բնակարանում։










