Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․
«Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է
Խաչի խորհուրդը Աստծո խելահեղ սիրո պատմությունն է մարդու հետ, ում համար հանձն առավ նահատակությունը` Իր իսկ առատ սիրուց ստիպված, նույնիսկ Իր իսկ սիրուց հաղթված, քանզի «այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց...» (Հովհ. 3:16) և «Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս Իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա Հովհ. 3:16):
Այսինքն, նահատակությունը սիրո մասին է, քանզի «ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13):
Խաչի գաղափարը նույնացած է քրիստոնեության և քրիստոնյայի հետ` որպես սիրո մեծագույն և խորքային խորհուրդը և ցուցիչը: Սերը պարզապես մակերեսային, ժամանցային երևույթ չէ, այլ անպայման զոհաբերություն կամ զոհողություն է ենթադրում կամ պահանջում կյանքի բոլոր շերտերում և հանգամանքներում` սեր ընտանիքի, Հայրենիքի, Աստծու, գաղափարների, նույնիսկ առօրյա աշխատանքի և գործի հանդեպ:
Հետևաբար, խաչի գոյությունը ողբերգություն կամ ողբերգության մասին չէ, այլ տառապանքը կամ նահատակությունը, պատասխանատվությունը կրելու մասին է, սիրո բացառիկ պտուղն է:
Խաչը կրելու պատրաստակամությունը, որքան էլ անհասկանալի թվա, միակ ճանապարհն է հաղթանակ ունենալու տառապանքի վրա կամ նկատմամբ: Այս առումով բացառիկ և գերագույն օրինակ է Գեթսեմանիում Քրիստոսի աղոթքը. ««... Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»... նորից երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»» (Մատթ. 26:39,42):
Այս դրամատիկ դրվագը շատ խորքային երզրաշերտ և ենթաշերտ է բացում մեր առջև: Հիսուս դեմ հանդիման է տառապանքին և նահատակությանը` «բաժակը» խմելուն: Առաջին անգամ «բաժակը» հեռացնելու համար է աղոթում, իսկ երկրորդ անգամ հաստատում, որ այո՛, այդ «բաժակը» կանցնի, բայց միայն այն խմելով, այսինքն` նահատակությունը կանցնի` պատրաստ լինելով նրան և այն ընդունելով: Հետևաբար, խաչը` նահատակության պատրաստ լինելը և ընդունելը, հաղթանակն է տառապանքի վրա:
Այսպիսի գիտակցության հասած մարդը ներքին ուրախություն ունեցող մարդն է, որովհետև իր համար նահատակությունը, զոհաբերությունը ոչ թե մահ է, այլ կյանքի հաղթանակը մահվան վրա: Այսինքն` այն, ինչ պատահել է Քրիստոսին, պատահում է նաև քրիստոնյային. «... քանզի և Նա անմահ էր, եւ այնչափ սիրեաց զմեզ, մինչեւ մահ ի յանձն էառ, զի եւ մեք Նորա մահուամբն յաւիտենական մահուանէ ապրեսցուք: Եւ եթէ Նա յիւր անմահութիւնն ոչ խնայեաց, մեք զի կամաւք եղաք մահկանացուք, կամաւք մեռցուք վասն սիրոյ Նորա, զի կամաւք յանձն առցէ զմեզ յիւր յանմահութիւնն. Մեռցուք իբրեւ զմահկանացուս, զի ընկալցի զմեր մահն իբրեւ զանմահից» (Եղիշե, էջ 41):










