Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ բյուջեն համահունչ է կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ներառում է սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական և ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություններ։
2026 թվականին Հայաստանում պաշտպանական ծախսերը կկրճատվեն գրեթե 16%-ով:
Կառավարության կայքում հրապարակված պետական բյուջեի նախագծում նշվում է, որ 2026 թվականին պաշտպանության ծախսերը կկազմեն 560 միլիարդ 98 միլիոն դրամ (ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում):
Պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարությանը հատկացվում է 563 միլիարդ 127 միլիոն դրամ։
Նկատենք, որ 2025 թվականին ՀՀ-ն 20%-ով ավելացրել էր ռազմական ծախսերը՝ հասցնելով 664 միլիարդ դրամի։
Օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի։
«2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի, կամ ընդհանրապես չի լինի։ Սա տրամաբանական է։ Իհարկե, մենք կշարունակենք օպերատիվ կերպով վերլուծել իրավիճակը», - ասել էր Փաշինյանը։