«Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը, այլ բան քան դա ասել չեմ կարող և իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող»,-կառավարության մուտքի դիմաց ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտման մասին:
Հարցին՝ եթե պետությունը, իր տեղում լիներ, հնարավո՞ր էր արդյոք կանխել սպանությունը՝ նախարարը պատասխանեց՝ գուցե հնարավոր էր, գուցե և հնարավոր չէր։
Նշելով, որ իդեալական աշխարհում չենք ապրում Գալյանն ասաց.«Մեր երկրում, այո, տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ, որ միայն մեր երկրում է: Մենք դեռ չգիտենք հանցագործություն կատարած անձինք ովքեր են, չգիտենք՝ պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք, մենք չգիտենք՝ հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ:Այսինքն, մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այ այս, այս, այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այ այս այս այս մարդիկ գուցեև իրենց աշխատանքում թերացել են»:
Անդրադառնալով շարքային քաղաքացիների անվտանգ զգալու մասին հարցին՝ արդարադատության նախարարն ասաց. «Ոչ թե պետք է նայել մեկ-երկու դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը: Այստեղ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում, եթե համեմատենք և տարածաշրջանի երկրների հետ, և այլ արտասահմանյան երկրների հետ»:
Նա չկարողացավ ասել, թե սպանություններից հետո պաշտոնանկություններ արդյո՞ք կլինեն, քանի որ այդ հարցի պատասխանատուն ինքը չէ։
Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությունից հետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գալյանն ասաց. «Մեր կառավարման համակարգը, կարծում եմ՝ դուք լավ պատկերացնում եք, թե ինչպիսին է։ Ներքին գործերի նախարարությունը կառավարության մաս է կազմում։ Կամ նույն տեղեկությունները, որ կարող են համանման տեղեկություններ տրամադրվել, օրինակ, ԱԱԾ–ի կողմից, ու՞մ ենթակայությամբ է գործում։ Հիմա մենք քննարկում ենք, թե վարչապետը ինչը ոնց է անում, ես առաջարկում եմ ամեն անգամ իրեն հարցնել, թե ինչը ոնց է անում»։