Դրանք լոկ խոսքեր չէին, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձի և հասուն մարդու մտորումներ


Դրանք լոկ խոսքեր չէին, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձի և հասուն մարդու մտորումներ
Սեպտեմբեր 17 10:00 2025

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի քանի օր է` անընդհատ մտքումս ապօրինի ազատազրկված Տիգրան Գալստյանի 16-ամյա դստեր` Էմմայի գրառումն է:

Դրանք լոկ խոսքեր չէին, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձի և հասուն մարդու մտորումներ` ընտանիքի հոր, հայրենիքը սիրող մարդու և անօրինական ճաղերի հետևում հայտնված մարդու մասին:

Էմման մեկն է այն աղջիկներից, ում ծնողը քաղաքական հետապնդումների հետևանքով հայտնվել է իշխանության թիրախում, իսկ վերջին տարիներին հարյուրավոր մարդիկ, իրենց քաղաքացիական կեցվածքի ու դիրքորոշման հետևանքով հայտնվել են ռեժիմի «տեսադաշտում»:

Էմմա ջան, քանի կա պայքար, նվիրվածություն գործին ու քո նման գաղափարական երիտասարդներ որևէ բան կորած չէ և այս ընթացքում ծավալված պայքարն էլ փոշիացած չէ:

Համոզված եմ, որ ակտիվ կեցվածքդ ու իրավիճակին համահունչ վարքագիծդ մեծ սատարում է հայրիկիդ` Տիգրանին, ով անխոս ուժեղ է առաջին հերթին իր ընտանիքով ու իր կողքը մշտապես կանգնած մարդկանցով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սրբազան պայքար» շարժման կողմնակից, կալանավորված Տիգրան Գալստյանի դուստրը գրառում էր կատարել, որտեղ ասվում էր․

«Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը, Արցախի անկախության օրը. ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, ինչ իրական հանցագործություն գործած մարդիկ։

Այսօր այն հայրենիքը, որը ուզում եմ անձնապես զարգացնել, կալանավորում է իրեն ամենաշատը սիրող մարդկանց: Լինելով Տիգրանի ավագ դուստրը՝ ուզում եմ, որ բոլորն իմանան՝ հայրս արդար է, հայրս ազնիվ է, հայրս պաշտում է իր հայրենիքը, հայրս ապօրինի կալանավորված է։

Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, հայրենասեր մարդ, որն անտարբեր չմնաց, երբ քանդվում էր իր պետությունը», – գրել է Էմման: