Երեկվանից շրջանառվող «տան պատի նկարը, որը հարևանի մոտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում ավելի լուրջ քննարկման պիտի տաներ։ Քֆուրից անդին քննարկումներն ավելի լուրջ հարցադրումների են բերում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի։ Եվ հակառակը, այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝ կա´մ անգրագիտաբար, կամ՝ միտումնավոր։
Նույն մարդիկ անում էին հակառակը
2018-2019-ին նույն մարդիկ Նիկոլը, Արմեն Գրիգորյանը և այլոք արել են լրիվ հակառակը. Շուշիում ցուցադրական քեֆն ու պարը, հայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում՝«Արցախը Հայաստան է և վերջը». սրանք Արդբեջանին նվաստացնող գրգռիչներ էին։ Տավուշյան մեկ դիրքի ընդհարումը Սարդարապատի չափ ուռճացնելը, թուրք գեներալի զոհվելը ֆետիշացնելը, հարյուրավոր մեդալների, շքանշանների, հերոսի կոչումների շռայլումը. սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացահայտելը և դրանով Ադրբեջանում հեղափոխություն հրահելու սպառնալիքը՝ ուղիղ գրգռիչ էր արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ իշխող ընտանիքի հանդեպ։
Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջո բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպետք է լիներ, բայց եղավ, և հետևանքը հինգ հազար զոհերն էին ու կորսված Արցախը։ Հիմա նույն մարդիկ զսպվածության դասեր են տալիս։
Փոխադարձություն
Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթե այն արվում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապես ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն նախադասություններ կան գրված։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները։ Ֆիզիկապես քանդում է 150 հազար մարդու տները։ Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան՝ պարզապես սեփական իշխանության՝ շառլատան լինելը։ Եթե Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամենը Հայաստանի իշխանության համար գրգռիչ չէ, և հայ ժողովրդի համար այնքան վիրավորական պրոցես չէ, որ այն փոխի իր իշխանությունը, այն անելու է իր հետևությունը՝ Հայաստանն այլևս կենսունակ պետություն չէ, հետևաբար…
Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմվոլ, այն լրիվ ուրիշ բանի մասին է, և եթե անունակ իշխանության ջանքերի շնորհիվ այն դառնում է գրգռիչ գործոն, դա ուրիշ իրականություն է ստեղծում։ Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։
Ըստ իս, սա ամենակարևոր թեման է, որը պետք է բացվի. ո՞րն է մեր իրականությունը, ինչո՞ւ է այն այսպիսին դարձել, և ինչպե՞ս փոխել այդ իրականությունը։ Շարունակաբար անդրադառնալու եմ այս հարցերին»։