Ես միշտ ուզեցել եմ Ազգային ժողովում ներկա գտնվել, ինձ համար շատ հետաքրքիր է եղել: Այսօր պարոն Սիմոնյանի հետ, որ խոսում էի, հրավիրեց, որ ես էլ նայեմ, փորձառությունն ունենամ: Այս մասին Ազգային ժողովում, 24news.am-ի հետ զրույցում ասաց ռեփեր Սուպեր Սաքոն:
Նա, խոսելով իր քաղաքական հայացքների մասին, նշեց՝ «քաղաքականության մեջ չկա», բոլորին սիրում է: Հարցին՝ ընդդիմությա՞նն էլ է սիրում, պատասխանեց՝ «բոլորին սիրում եմ»: Նա հավելեց, որ նրանց շարքերում ևս ընկերներ ունի, շփվում է, բայց անուններ տալ չի կարող: Վերադառնալով կրկին իր և Ալեն Սիմոնյանի հարաբերություններին՝ նա ասաց.
«Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, մոտիկություն ենք անում, լավ ընկերներ ենք»:
Լրագրողի հարցին՝ նա աջակցու՞մ է իշխանությանը, ասաց, որ ոչ, դա իր խելքի բանը չէ: Նա, լրագրողի հարցերին ի պատասխան, անդրադարձավ նաև պատերազմին և Արցախի կորստին:
«Ես կուզեի կախարդական ուժ ունենայի, որ այդ ամենը հետ բերեի, այդքան զոհ չունենայինք: Պատերազմը սխալ բան է: Աշխարհին ցանկանում եմ խաղաղություն և երազում եմ, որ խաղաղություն լինի»:
«Միայն Արցախը չէ, երանի Հայաստանը ծովից ծով լիներ: Շատ ցավալի է, բայց ի՞նչ անենք, ես ի՞նչ անեմ: Մենք այդ ուժը չունենք», - նշեց երգիչը:
Նա հավելեց, որ ցանկանում է անկախ քաղաքական հարցերից, ընտրությունների արդյունքներից, ապագայում հայ ազգը լինի միասնական. աջակցեն միմյանց, չվիրավորեն, չթշնամանան: